Երևանի պատասխանը Լուկաշենկոյի սադրանքին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ Վեհաժողովի իր ելույթում քննադատել է կազմակերպությանը Հայաստանի համար անվտանգության սպառնալիքների հանդեպ ոչ համարժեք արձագանքի համար: Փաշինյանը Մոսկվայում տեղի ունեցող ՀԱՊԿ հոբելյանական Վեհաժողովում ասել է, որ Հայաստանը չի ստացել ՀԱՊԿ-ից այն արձագանքը, որն ակնկալում էր:

Նա այդ մասին խոսել է թե հայ-ադրբեջանական սահմանային հայտնի դեպքերի համատեքստում, թե Ադրբեջանին սպառազինության վաճառքի:

Նիկոլ Փաշինյանն իհարկե իր ելույթում այսպես ասած բալանսավորել է իրավիճակը Ռուսաստանին երախտագիտություն հայտնելով՝ Արցախում ռազմական գործողությունների դադարեցմանը նպաստելու համար: Ավելի լայն իմաստով, Հայաստանի վարչապետի հիշեցումներն ու քննադատությունը թերևս միտված են բալանսավորելու այն ավելի մեծ ռիսկը կամ մարտահրավերը, որ ՀԱՊԿ Վեհաժողովում օրինակ արտահայտվել է ՌԴ կցորդի վերածված Լուկաշենկոյի ելույթում:

Մասնավորապես, Բելառուսի նախագահի պաշտոնում գտնվող Լուկաշենկոն իր ելույթում խոսել է Արևմուտքի սպառնալիքի մասին և նշել, որ ՀԱՊԿ երկրները այդ հարցում պետք է լինեն միասնական և միայն Ռուսաստանը չէ, որ պետք է պայքարի Արևմուտքից եկող սպառնալիքի դեմ:

Ահա այս համատեքստում, Հայաստանի վարչապետի ելույթը, թե ինչպես է ՀԱՊԿ-ը Հայաստանին գործնականում մենակ թողել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դեմ: Ընդ որում, Թուրքիան այն ՆԱՏՕ անդամն է, որից եկող սպառնալիքին դիմագրավելու մասին ելույթ է ունեցել Լուկաշենկոն: Փաստորեն, երբ ՆԱՏՕ անդամ Թուրքիայի և նրա կցորդ

Ադրբեջանի ագրեսիայի դեմ մենակ էր մնացել Հայաստանը, Լուկաշենկոն չէր անում միասնական դիմադրության փորձ, իսկ այժմ, երբ Ռուսաստանն ու կցորդ Բելառուսն են հայտնվել ՆԱՏՕ-ի դեմ ուկրաինական ուղղությամբ՝ իրենց անմիջական սահմաններին, Լուկաշենկոն ուզում է դիմակայության կողմ դարձնել նաև ՀԱՊԿ մյուս անդամներին: Հայաստանի պարագայում, ՀԱՊԿ այսպես ասած ոչ համարժեք արձագանքը այս դեպքում թերևս փաստարկ է, որի միջոցով

Երևանը պետք է խուսանավի այն հեռանկարից, որ իր ելույթում «մատուցում» է Լուկաշենկոն՝ հավաքական պայքար Արևմուտքի դեմ: Հայաստանին ոչ միայն դա պետք չէ՝ մեղմ ասած, այլ հակառակը, Հայաստանին թերևս շատ կարևոր է գտնել գործընկերային հնարավորություններ ՀԱՊԿ «դաշնակիցների» անտարբերության հետևանքով միայնակ մնալու ռիսկերը չեզոքացնելու համար: