Թոշակները 10 տոկոսով կբարձրանան. կգործի զեղչային նոր համակարգ. Նիկոլ Փաշինյան

Թոշակները 10 տոկոսով կբարձրանան. կգործի զեղչային նոր համակարգ. Նիկոլ Փաշինյան

Առաջիկայում հանրապետության բոլոր կենսաթոշակառուների համար թոշակները 10 տոկոսով կբարձրանան, բայց մի փոքր այլ մեխանիզմով: Այսինքն՝ եթե թոշակառուն թոշակը ստանում է քարտով և առևտուր է իրականացնում քարտով, կստանա զեղչեր:

Այս մասին այսօր Կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք աշխատում ենք կանխիկի շրջանառության կանխման ուղղությամբ և առաջիկայում պետք է ներդնենք հետևյալ համակարգը, որ բոլոր կենսաթոշակառուների բանկային քարտերով արվող առևտրի նկատմամբ պետք է կիրառենք զեղչերի համակարգ:

Այսինքն՝ եթե թոշակառուն առևտուրն իրականացնում է բանկային քարտիմիջոցով, ուզում ենք զեղչերի համակարգ ներդնել, որն ունի մի քանի նշանակություն.

առաջինը սոցիալական նշանակությունն է, երկրորդը՝ կանխիկի շրջանառության կրճատումը, և երրորդը՝ դրա արդյունքում կարող ենք ավելի արդյունավետ դարձնել մեր սոցիալական քաղաքականությունը և գտնել կենսաթոշակառուների կարիքների առավել զգայուն կետերը»,- ասաց վարչապետը:

թոշակ

Ըստ Փաշինյանի՝ այս համակարգը կունենա և՛ սոցիալական, և՛ կնպաստի կանխիկի շրջանառության կրճատմանը: Եղել են արդեն բանավոր խոսակցություններ տարբեր ընկերությունների հետ այս նախագծում ներգրավելու համար:

«Սա պետության և մասնավորի համագործակցության կարևոր օրինակ է, և հույս հունեմ, որ կհամաֆինանսավորվի Կառավարության, բանկային համակարգի կողմից և արդեն՝ մասնավորի կողմից:

Երրորդ նշանակությունը այն է, որ այդ առևտրի, այդ գործարքների տվյալների վերլուծության արդյունքում կկարողանանք առավել արդյունավետ դարձնել մեր սոցիալական քաղաքականությունը»,- նշեց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ սա  մոտավորապես նույն մոդելն է, որն իրականացվում է նաև ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման դեպքում: Կառավարության ղեկավարը հույս հայտնեց նաև, որ գործնականում հունիսի կեսերից համակարգը լիարժեք՝ քարտերով և բանկային համակարգով և առևտրային ցանցերով, կսկսի գործել: