Ով էլ լինի Փաշինյանի փոխարեն միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին

Ով էլ լինի Փաշինյանի փոխարեն միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է արցախյան բանակցային գործըթնացին և ներկա քաղաքական իրավիճակին.

«Մաս 1.

Այն, որ փոխզիջումների մերժման և ստատուս-քվոյի պահպանման քաղաքականությունը հանգեցրեց ազգային աղետի, ապացուցման կարիք չունի, ինչը աղետից հետո խոստովանում են անգամ այդ քաղաքականության երբեմնի կողմնակիցներից ոմանք:

Սակայն, դրանով հանդերձ, իրենց արդարացնելու համար շատերը փորձում են ապացուցել, որ նույն բանը տեղի էր ունենալու նաև փոխզիջումային ճանապարհն ընտրելու պարագայում:

Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնարդարացման խղճուկ փորձ և բացարձակապես անապացուցելի, քանի որ պատմությունը «եթե» չի սիրում: Պատմությունն արձանագրում է այն, ինչն արդեն իրականացած է:

Ուստի, ինչպիսի ձեռնածություններով էլ Ղարաբաղի հարցի փոխզիջումային լուծման հակառակորդները (պետական այրեր, կուսակցապետեր, մտավորականներ) փորձեն արդարացնել իրենց ազգակործան քայլերը, միևնույն է, նրանք վաղ, թե ուշ կանգնելու են պատմության դատաստանի առջև, ինչից ոչ ոք դեռևս չի խուսափել:

Ահա նման ճակատագրի գիտակցումն է, որ նրանց այսօր էլ մղում է ամեն կերպ արդարացնելու իրենց աղետաբեր պահվածքը, ինչը, ցավոք, ավելի ու ավելի է խորացնում Հայաստանի ու Ղարաբաղի ներկայիս ճգնաժամը:

Մաս 2.

Խոսքը վերաբերում է ընթացիկ ներքաղաքական առճակատմանը, ինչն, իմ կարծիքով, ոչ թե ուժեղացնում, այլ ավելի է թուլացնում Հայաստանի դիրքերը առաջիկա դժվարագույն բանակցություններում:

Ուստի անհասկանալի է, թե որն է այսօրվա ընդդիմության բուն նպատակը: Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով Նիկոլ Փաշինյանին փակցվել է «կապիտուլյանտ» պիտակը, ինչը թեև դիպուկ է, բայց կես-ճշմարտություն:

Իրականում կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը. Փաշինյանն ընդամենը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի ակտը:

Հետևաբար, ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ՝ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին: Խնդիրն, ըստ այդմ, Հայաստանի ղեկավարի անձից կախված չէ:

Եթե այս պարզ ճշմարտությունը չհասկացվի, և մեր երկրի ներքաղաքական ցնցումները շարունակվեն, ապա մեզ պարտադրվող լուծումները շատ ավելի ցավոտ են լինելու, անկախ այն հանգամանքից, թե Փաշինյանը կամ մեկ ուրիշը կստորագրի վերջնական փաստաթուղթը:

Հարց է ծագում՝ արդյո՞ք ներկայիս ընդդիմության առաջնորդները չեն գիտակցում սա: Եթե չեն գիտակցում, ապա դա նշանակում է, որ քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում:

Իսկ եթե գիտակցում են, բայց շարունակում ներքաղաքական ցնցումները, ապա դրանից բխում է, որ նրանք բոլորովին այլ նպատակներ են հետապնդում, որոնք բացարձակապես կապ չունեն ազգային շահերի հետ:

Ազգային շահերի հետ ոչ մի կապ չունեն նաև ներկայիս իշխանությունների կոշտ գործողություններն ընդդիմության կազմակերպած ցույցերի, երթերի և հանրահավաքների նկատմամբ:

Անհույս լավատես լինելով՝ դեռևս ակնկալում եմ, որ հակամարտող կողմերը վերջիվերջո կհասկանան իրենց դիրքորոշումների վտանգավորությունը և ջանքեր կգործադրեն ինչ-որ փոխհամաձայնության գալու՝ իրավիճակն ավելի ևս չբարդացնելու և նոր վտանգներից խուսափելու նպատակով:

Եթե մեր մտավորականներն իրապես ցանկանում են ազգանպաստ գործ կատարել, թող ստիպեն Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նստել մեկ սեղանի շուրջ և ելք գտնել ներքաղաքական ճգնաժամից:

Ի դեպ, այսպիսի հորդորով ես հանդես եմ եկել դեռևս ներկայիս ճգնաժամից առաջ, ս.թ. հունվարի 15-ին»: