«Իմ աշխարհը փուլ եկավ գլխիս»․ երկու երեխաների մայր 22-ամյա Ռոզան ամուսնու զոհվելուց հետո ասում է՝ երազանքներն անկատար մնացին

22-ամյա Ռոզա Գրիգորյանի կյանքը հոկտեմբերի 27-ից շրջվել է։ Երկու երեխաների երիտասարդ մայրը չէր կարող պատկերացնել, որ 7 ամիս առաջ կկորցնի ամուսնուն ու տունը՝ մնալով միայնակ 1 տարեկան տղայի և 2 տարեկան աղջկա հետ։

«Պատերազմը փոխեց մեր կյանքը դեպի վատը, իմ աշխարհը փուլ եկավ գլխիս»,- հուզվում է Ռոզան։

Նա մինչ ամուսնանալը սովորել է վարսահարդարում, մատնահարդարում, այնուհետև հանդիպել է ամուսնուն և ամուսնացել 17 տարեկանում։ Մինչև պատերազմը ամուսնու հետ ապրել է Շուշիում, ինչպես Ռոզան է նկարագրում՝ համերաշխ և երջանիկ:

«Իմ հայրիկս ու ամուսինս ծանոթներ էին, մի օր եկավ մեր տուն՝ հայրիկիս մոտ, ծանոթացանք մեր տանը, հետո շփվեցինք ինտերնետով։ 5 ամսից նշանվեցինք, երկու ամսից էլ ամուսնացանք»,- պատմում է Ռոզան։

Արցախյան պատերազմը խլել է Ռոզայի և՛ ամուսնուն, և՛ տունը, և՛ երազանքները։

«Ամեն ինչ կորցրինք, հիմա վարձով ենք ապրում։ Ամուսնուս հետ երազում էինք երեխաներին իրենց նպատակին հասցնենք, տեսնենք իրենց երջանկությունը, բայց մեր երազանքներն անկատար մնացին»,- ասում է կինը:

Ռոզայի ամուսինը՝ 24-ամյա պայմանագրային զինծառայող Ռոմա Իսախանյանը առաջին իսկ օրից մասնակցել է Արցախյան պատերազմին։

Հայրենիքի պաշտպանությունը իրականացրել է Շուշի-Ֆիզուլի հատվածում։ Զոհվել է Շուշիում հոկտեմբերի 27-ին:

«Ամուսինս «Բայրաքթարի» հարվածից է զոհվել։ Մի օր առաջ եմ հետը խոսել՝ հոկտեմբերի 26-ին, սովորական, առօրյա խոսակցություն էր։ Հոկտեմբերի 27-ին մորաքույրն ասեց, որ զոհվել է։

Ես չէի պատկերացնում, որ նման բան կարող է լինել։ Թե ինչ զգացողություններ ունեցա՝ բառերով հնարավոր չէ ասել։ Ես սթրես տարա։ Չհասկացա, թե ինձ հետ ինչ կատարվեց, աշխարհը փուլ եկավ գլխիս»,- հիշում է կինը։

Ռոմա Իսախանյանը մասնակցել է նաև Ապրիլյան պատերազմին։ 2016-ին Արցախի նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այդ ժամանակ թերթերից մեկին տված հարցազրույցում Ռոմա Իսախանյանը ընդգծել է․ «Միշտ ու կրկին պատրաստ եմ լինելու հայրենիքի սահմաններում»։

Ռոզան խնամքով պահում է ամուսնու մասին գրված նախկին հրապարակումները, կարդում դրանք ու ցավում, որ այլևս նրա ներկայությունը վայելելու հնարավորություն չունի:«Ամեն ինչը, իրա հետ անցկացրած ամեն օրը կարոտում եմ, հիշում եմ։ Շատ հոգատար ամուսին էր, երեխաների հանդեպ ուշադիր, բարի անձնավորություն էր, աշխատասեր»,- ասում է կինը։Այժմ Ռոզայի միակ երազանքն է, որ երեխաներն առողջ լինեն ու խաղաղ մանկություն ունենան, իսկ ինքն էլ փորձում է իր մեջ ուժ հավաքել, որ երեխաներին մեծացնի:«Ամբողջ օրը երեխաների հետ եմ անցկացնում։ Ես հիմա միայն իրենց համար եմ ապրում։ Հիմա երեխաներն են ինձ ուժ տալիս, պետք է կարողանամ իրենց մեծացնեմ ու նպատակներին հասցնեմ։ Ուզում եմ, որ իրենց հոր չապրած կյանքը իրենք ապրեն անհոգ ու երջանիկ»,- ընդգծում է մայրը:Արփինե Արզումանյան

MediaLab.am