Առողջապահության նախարարի նոր հրամանով հայեցակարգը հաստատվել է

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 30-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է մանկական պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման հայեցակարգը։

Իրավաբան.net-ը հայտնում է հայեցակարգի ընդհանուր դրույթները․

1. Վերջին տասնամյակներում աշխարհում երկրների մեծ մասում և Հայաստանում երեխաների առողջության պահպանման ոլորտում արձանագրվել են էական հաջողություններ՝ մանկական մահացության և հիվանդացության իջեցում, այլ ցուցանիշների բարելավում: Միևնույն ժամանակ, գրանցվում է հոգեշարժական զարգացման խանգարումների աճ, մասնավորապես պայմանավորված անհաս, ծանր պերինատալ ախտահարումներով ծնված երեխաների շրջանում մահացության դեպքերի կրճատումով: Բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման բարելավման արդյունքում երկարում է անբուժելի ուռուցքաբանական, նյարդաբանական, նյութափոխանակային, ժառանգական և ծանր ոչ անբարենպաստ ելքով այլ քրոնիկ հիվանդություններով երեխաների կյանքի տևողությունը:

2.Նման երեխաների կարիքների համակողմանի բավարարումը, հոգեկան և ֆիզիկական տառապանքների հնարավորինս մեղմացումը և կյանքի որակի ապահովումը, ընտանքիներին աջակցության ցուցաբերումը առողջապահական համակարգի արդիական խնդիր է, որին կոչված է արձագանքել մանկական (կամ մանկաբուժական) պալիատիվ օգնությունը (Pediatric Palliative Care):

3. Մանկական պալիատիվ բժշկական օգնությունը և սպասարկման կազմակերպումն ու իրականացումը (այսուհետ` ՄՊՕ) դիտարկվում է որպես անբուժելի և կյանքը սահմանափակող հիվանդություններով տառապող երեխաների խնամքի ծառայության տեսակ, որն ընդգրկում է ֆիզիկական, հուզական, սոցիալական և հոգևոր տարրերը, կենտրոնացած է երեխայի կյանքի որակի բարձրացման և ընտանիքի աջակցության վրա, իր մեջ ներառում է երեխայի առօրյա խնամք, անհանգստացնող ախտանիշների կառավարում, հոգեկան և հոգևոր աջակցություն, ներառյալ մահվան ու կորստի ընթացքում:

4. ՄՊՕ-ն տրամադրվում է այն երեխաներին, որոնց մոտ ախտորոշվում է կյանքը սահմանափակող և/կամ կյանքին սպառնացող հիվանդությունը: Կյանքը սահմանափակող են համարվում այն վիճակները, որոնց համար չկա բուժման և առողջության բարելավման ողջամիտ հույս: Այդ վիճակները առաջացնում են բժշկական կարիքների համալիր, որոնք երեխային դարձնում են ավելի ու ավելի կախյալ ծնողներց և խնամողներից:

5. ՄՊՕ-ի կարիք առաջացնող հիվանդություններ բաժանվում են չորս հիմնական խմբերի.

1) Կյանքին սպառնացող քրոնիկ հիվանդություններ կամ վիճակներ, երբ բուժումը հնարավոր է, սակայն կարող է անարդյունավետ լինել,օրինակ` քաղցկեղ, տարբեր օրգան-համակարգերի անդառնալի փոփոխություններ՝ սրտի ծանր հիվանդություններ, երիկամների կամ լյարդի անբավարարություն և այլն:

2) Հիվանդություններ կամ վիճակներ, որոնց դեպքում վաղաժամ մահն անխուսափելի է, պահանջվում է երկարատև, ինտենսիվ բուժում, ուղղված կյանքի երկարացմանը և կյանքի որակի լավացմանը, օրինակ` ՄԻԱՎ/ՁԻԱՀ, երիկամային անբավարարություն (երբ դիալիզը կամ փոխպատվաստումը ցուցված չեն կամ չեն կարող իրականացվել), մուկովիսցիդոզ, քրոնիկ շնչառական անբավարարություն և այլն:

3) Պրոգրեսիվող հիվանդություններ, որոնց բուժումն ի սկզբանե միայն պալիատիվ է, օրինակ` մուկոպոլիսախարիդոզներ, պրոգրեսիվող մետաբոլոիկ խանգարումներ, որոշ քրոմոսոմային անոմալիաներ, մկանային դիստրոֆիաներ և այլն:

4) Ծանր, անդառնալի, ոչ պրոգրեսիվող հիվանդություններ կամ վիճակներ, որոնք պատճառ են դառնում ծանր հաշմանդամության, հանգեցնելով առողջական բարդությունների նկատմամբ դյուրազգացության և վաղաժամ մահվան հավանականության, օրինակ՝ ծանր, վերակնգնմանը չենթարկվող մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ), բազմակի հաշմանդամություններ, ողնուղեղի և գլխուղեղի ծանր վնասումների հետևանքները:

Նշված խմբերի հիվանդություններն ու խանգարումները դրսևորվում են ախտահարման բնույթով և ծանրության աստիճաններով, մասնավորապես կենսական ֆունկցիաների երկարատև խանգարումներով` շնչառական, սիրտանոթային, կոնքի օրգանների գործառնության, մաշկի (պառկելախոցեր), սնուցման խանգարումներ, իմունիտետի խոր ընկճում: ՄՊՕ–ի դեպքում հաշվի են առնվում անձի շարժունակության սահմանափակումը, սոցիալական հարմարվածության խանգարումը, վարքագիծը (ագրեսիվ, ավերիչ, ինքնավնասման) և այլն:

7. Չնայած որոշ ընդհանրությունների մեծահասկաների պալիատիվ օգնության հետ, ՄՊՕ-ն իրենից ներկայացնում է առանձին և ուրույն ծառայություն՝ երեխաների և մանկական ծառայությունների առանձնահատկություններով: Մասնավորապես.

1) Երեխաները գտնվում են ֆիզիկական, հուզական և ճանաչողական շարունակական զարգացման մեջ և այդ ամենն ազդում է իրենց խնամքի
յուրաքանչյուր ոլորտի վրա, համապատասխանաբար՝ ՄՊՕ-ում ավելի շատ մասնագետներ են ընդգրկված, քան մեծահասակների խնամքում:

2) Երեխաները ավելի ծանր են տանում մեկուսացումն ընտանիքից, դպրոցից, ընկերներից, ուստի ՄՊՕ-ն պետք է հնարավորին չափով մոտ լինի երեխայի սովորական միջավայրին:

3) Երեխաների հետ հաղորդակցությունը պահանջում է առանձնակի մոտեցում, հոգեբանական աջակցությունը նույնպես պետք է հարմարեցված լինի երեխաներին:

4) Էթիկական խնդիրները պայմանավորված են իր առողջության վերաբերյալ ինքնուրույն որոշում ընդունելու երեխայի անկարողությամբ և այդ խնդիրները պետք է լուծվեն երեխայի, ընտանիքի և մասնագետների հետ համատեղ:

5) Դեղամիջոցների ֆարմակոդինամիկան և ֆարմակոկինետիկան տարբեր է:

8. Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ) երեխաների մատուցվող ՄՊՕ-ն ուղղված է երեխաներին և նրանց ընտանիքի անդամներին և ունի հետևյալ սկզբունքները (ԱՀԿ, 1998) World Health Organization, WHO Definition of Palliative Care, աղբյուրը http://www.who.int/cancer/palliative/definition/en/

1) Դա երեխայի մարմնի, մտքի և հոգու ակտիվ ամբողջական խնամքն է, որը ներառում է նաև ընտանիքին ցուցաբերվող օժանդակությունը:

2) Այն սկսվում է հիվանդության ախտորոշման պահից և շարունակվում է հիվանդության ամբողջ ընթացքում՝ ախտաբանական բուժմանը զուգահեռ, անկախ նրանից, թե երեխան ստանում է իր հիվանդության բուժումը, թե՝ ոչ:

3) Բուժաշխատողները պետք է գնահատեն և մեղմեն երեխայի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական տառապանքը:

4) Արդյունավետ ՄՊՕ-ի համար պահանջվում է ցուցաբերել բազմամասնագիտական թիմային մոտեցում, որտեղ պետք է ներգրավվի նաև ընտանիքը և օգտագործվեն առկա համայնքային ռեսուրսները:

9. ՄՊՕ-ն, որպես առողջապահության կարևոր բաղադրիչ, պետք է հասանելի լինի բոլոր կարիք ունեցողներին և հիմնվի առաջնային բժշկական օգնության, համայնքային ռեսուրսների և տնային խնամքի վրա, ինչպես նաև իրականացվի երկրորդային և երրորդային մակարդակի բժշկական կազմակերպություններում, համայնքային առողջապահական կենտրոններում, տնային պայմաններում և այն բոլոր հաստատություններում, որտեղ ապրում են երեխաները, այդ թվում մանկատներում և այլն:

10. ՄՊՕ-ի առանձնահատուկ տեսակ է պերինատալ պալիատիվ օգնությունը, որը կարող է սկսվել դեռ նախածննդյան շրջանում՝ պտղի կյանքին սպառնացող կամ ծանր արատ ախտորոշելուն պես, ինչպես նաև ծննդից հետո՝ համապատասխան ծանր ախտորոշումների դեպքում:

Հայեցակարգին աբողջապես ծանոթացեք այստեղ։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ