Կրկին երկրաշարժ է գրանցվել Շորժա գյուղի մոտ. ուժգնությունը՝ 5 բալ

Փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 00:06-ին (Գրինվիչի ժամանակով` փետրվարի 5-ին ժամը 20:06-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ:

ԱԻՆ-ից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է` Գեղարքունիքի և Տավուշի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Շորժայի մոտ ստորգետնյա ցնցումներ էին գրանցվել փետրվարի 5-ին, որը զգացել են հինգ մարզի և Երևանի բնակիչները:

Ըստ ԱԻՆ-ի ` առաջին ցնցումները գրանցվել էին փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին Հայաստանի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Երևան քաղաքում՝ 3 — 4 բալ ուժգնությամբ:

Գեղարքունիքի մարզի Արտանիշ համայնքի ղեկավարից ստացված տեղեկատվության, փլուզվել է չգործող, կիսաքանդ դպրոցի պատը։ Ինչպես նաև, Աղբերք և Շորժա համայնքների ղեկավարներից ստացված տեղեկության համաձայն՝ տվյալ համայնքներում փլուզվել են մեկական հին հողապատ գոմերի միջնապատեր։ Ժամը 23:30-ի դրությամբ ՀՀ տարածքում այլ ավերածությունների, տուժածների վերաբերյալ ահազանգեր չեն գրանցվել։