ԿԱՐԵՎՈՐ բոլոր ուսուցիչների, աշակերտների, ծնողների համար

«Ուսումնական բնագավառը կրթության բովանդակության որոշակի տիրույթ է, որն առանձնանում է ուսումնասիրության օբյեկտով և ճանաչողության յուրահատուկ մեթոդներով»:

Կառավարության նիստում ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց Հանրակրթության պետական նոր չափորոշիչները։Կառավարության նիստում ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց Հանրակրթության պետական նոր չափորոշիչները։

 

Անդրեասյանի խոսքով՝ նոր չափորոշիչը կստեղծի հնարավորություն գիտության և տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում ունենալ հնարավորինս քիչ սահմանափակող չափորոշչային պահանջներ, ինչը թույլ կտա արագ արձագանքել փոփոխություններին՝ առավելագույնս նպաստելով սովորողների կրթական տարատեսակ պահանջների բավարարմանը: Առաջարկվում է նաև վերանայել շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները և դրանք կառուցել կարողունակությունների հիման վրա:

Ի տարբերություն գործող չափորոշչի՝ նախագծում կրթության բովանդակության ձևավորման հիմքում առաջարկվում է ներդնել կարողունակությունների վրա հիմնված մոտեցումը, որը կարևորում է ոչ թե այն գիտելիքներն ու կարողությունները, որոնք պետք է սովորողը ձեռք բերի առանձին առարկաների ուսումնասիրության արդյունքում, այլ այն հիմնական, առանցքային

կարողունակությունները (գիտելիք, հմտություն, վերաբերմունք, արժեքային համակարգ), որոնց պետք է տիրապետի սովորողը իր կրթական խնդիրները լուծելու, արդի աշխարհում արդյունավետ գործելու համար: Կարողունակությունների սահմանման համար հիմք են հանդիսացել Եվրոպայի Խորհրդի կողմից առաջադրված Ժողովրդավարական մշակույթի կոմպետենցիաները (CDC):

 

Ինչպես Հանրակրթության մասին ՀՀ օրենքով, այնպես էլ գործող Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված չէ «ուսումնական բնագավառ» հասկացությունը: Այս սահմանման բացակայության պարագայում հասկանալի չէ, թե ինչ սկզբունքով են առանձնացված ներկայիս ուսումնական բնագավառները և դրանց նպատակաուղղվածությունները ինչպես են իրար առնչվում:

Առաջարկվում է Հանրակրթության պետական չափորոշչում հստակ սահմանել «ուսումնական բնագավառ» հասկացությունը, դրա հիմքում դնելով ոչ թե գոյություն ունեցող առարկաների խմբավորումը, այլ «հանրակրթության բովանդակություն» հասկացությունը: Առաջարկվում է հետևյալ սահմանումը՝

«Ուսումնական բնագավառը կրթության բովանդակության որոշակի տիրույթ է, որն առանձնանում է ուսումնասիրության օբյեկտով և ճանաչողության յուրահատուկ մեթոդներով»:

Նման բաշխումը հնարավորություն կտա առարկաների ծրագրերը մշակելիս խուսափել անհարկի կրկնություններից, տարբեր դասագրքերում նույն երևույթի վերաբերյալ երբեմն հանդիպող տարբեր բացատրություններից, նույն մեծությունների տարբեր նշանակումներից, ինչը ծանրաբեռնում էր դասագիրքը և աշակերտի մոտ հակասություններ էր առաջացնում։

 

Յուրաքանչյուր ուսումնական բնագավառ դպրոցի տարբեր աստիճաններում ներկայացվում է որոշակի առարկայացանկով, որի ընտրութան համար հիմք են հանդիսանում չափորոշչով սահմանված վերջնարդյունքներն ու սովորողների ընկալման տարիքային առանձնահատկությունները:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ուսումնական բնագավառի առաջարկվող սահմանումը, անհրաժեշտ կլինի անդրադառնալ գործող չափորոշչով նկարագրված ուսումնական բնագավառներին և վերաձևակերպել դրանք: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել հետևյալ 7 բնագավառները՝

1) Հայոց լեզու և գրականություն
2) Հայրենագիտություն
3) Օտար լեզուներ
4) Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ,ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)

5) Հասարակություն, հասարակական գիտություններ
6) Արվեստ և արհեստ
7) Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:

 

Հաշվի առնելով ուսումնական բնագավառների վերաբերյալ ներկայացված առաջարկը, մասնավորապես դրանց վերախմբավորումն ու քանակի պակասեցումը, հենքային ուսումնական պլանի մասով ներկայացվում են միայն բարելավման առաջարկներ, որոնք կարտացոլեն վերոնշյալ առաջարկները:

Առաջարկվում է հենքային ուսումնական պլանում կատարել փոփոխություններ, որոնք կարտացոլեն առաջարկվող նոր բնագավառներին հատկացված ժամաքանակները: Միևնույն ժամանակ, առաջարկվում է բնագավառներին հատկացված ժամաքանակները ներկայացնել տոկոսային հարաբերակցությամբ:

Սա հանրակրթական ուսումնական հաստատություններին թույլ է տալու ձևավորել սեփական մոտեցումը՝ յուրաքանչյուր բնագավառին հատկացվող համամասնության և ժամաքանակների միջոցով՝ մեծացնելով նրանց ինքնավարությունը։