Որ լաբորատորիաներում է պետք հանձՆել թեստ՝ ՌԴ մուտք գործելուց առաջ

Այսուհետ Հայաստանի Հանրապետության այն քաղացիները, ովքեր կցանկանան մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, հնարավորություն կունենան կորոնավիրուսի թեստ հանձնել հավաստագրված երկու լաբորատորիաներում։

Առողջապահության նախարարությունը հրապարակել է այդ լաբորատորաների անունները՝ նշելով, որ ցանկը վերջնական չէ եւ կարող է համալրվել։ Առայժմ խոսքը «Ցիտո» եւ «Նորմեդ» բժշկական կենտրոնների ՊՇՌ լաբորատորիաների մասին է։ Առաջինը մասնաճյուղ ունի նաեւ Գյումրիում, երկրորդը՝ նաեւ Վանաձորում։ Այսինքն՝ Ռուսաստան մեկնելու համար կորոնավիրուսի թեստ հնարավոր կլինի հանձնել Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում։

«Հայկական ժամանակը» տեղեկացավ, որ «Ցիտո» լաբորատորիայում թեստավորման արժեքը 15․000 դրամ է։ Ի դեպ, հետաքրքրվողներին այստեղ հայտնում են, որ պետք է թեստավորումից առնվազն երեք ժամ առաջ ոչինչ չուտել, չխմել, չլվանալ ատամները։ Յուրաքանչյուր անձ, նույնիսկ երեխաները պետք է ունենան իրենց սմարթֆոնը՝ համապատասխան հավելվածով։ Կորոնավիրուսի թեստավորումը նույնքան արժե նաև «Նորմեդ» բժշկական կենտրոնի» ՊՇՌ լաբորատորիայում։

Սակայն, այստեղ նշում են, որ թեստավորման համար անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացին մեկ ժամ առաջ սնված չլինի։ Կառավարության այսօրվա նիստում, ինչպես հայտնի է, ներկայացվել է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների համագործակցության արդյունքում կայացված որոշումը’ փետրվարի 1-ից ՌԴ մուտք գործելու վերաբերյալ:

«Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրի միջոցով’ 2 երկրի սահմանային անցման կետերում, լաբորատոր թեստի բացասական արդյունքի հիման վրա անձը կկարողանա հատել երկրի սահմանը:

Ինչպես գրում է «Հայկական ժամանակը», ըստ այս կարգի’ քաղաքացին անձնագրով, որով պետք է ճամփորդի, դիմում է ՊՇՌ թեստավորում իրականացնող (ծրագրում ընդգրկված) լաբորատորիա, տրամադրում անհրաժեշտ տվյալները, որոնք լաբորատորիայի կողմից ներմուծվում են «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակ:

Լաբորատորիան քաղաքացուն տրամադրում է համակարգից գեներացված համաձայնագիր’ երկչափ պաշտպանված գծիկային կոդով (QR կոդ): Քաղաքացին ստորագրում է համաձայնագիրը, ներբեռնում բջջային հավելվածը, սկանավորում QR կոդը, որն առկա է համաձայնագրում և հանձնում Covid-19-ի թեստ։ Թեստի արդյունքները լաբորատորիայի կողմից մուտքագրվում են համակարգ, որն արտացոլվում է քաղաքացու կողմից ներբեռնված հավելվածում’ QR կոդի գունավորմամբ. դրական պատասխանի դեպքում’ կարմիր, բացասականի’ կանաչ:

Մեկնելուց առաջ անձը պետք է հավաստիանա, որ բջջային հավելվածում թեստի արդյունքերի վերաբերյալ տեղեկատվությունն առկա է և ամսաթիվը համապատասխանում է մեկնելու ժամկետին’ թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ։ Սահմանը հատելիս ներկայացվում է բջջային հավելվածի QR կոդը։

Ռուսաստանից Հայաստան ժամանած ուղևորին կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ՊՇՌ մեթոդով հետազոտության բացասական արդյունքի դեպքում (առավելագույնը 72 ժամվա վաղեմության տեղեկանքի առկայությամբ) թույլատրվում է պետական սահմանը հատել, հակառակ դեպքում կիրառվում են ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 1514-Ն որոշմամբ սահմանված՝ կարանտինային միջոցառումները: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: