ՀԱՐԹԱԿՈՒՄ ՇԱՏ ՉԵՆՔ ԽՈՍԵԼՈՒ, ՄԵՆՔ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆՔ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հունվարի 28-ին՝ բանակի կազմավորման օրը, Հայոց ազգային գվարդիայի ղեկավար Արշակ Զաքարյանը հանրահավաք է հրավիրել, որը կոչել է «հայահավաք»։

Զաքարյանին հարցրինք, թե ովքեր են լինելու հարթակում, ովքեր են ելույթ ունենալու։ «Հարթակում շատ չենք խոսելու, մենք հավաքվում ենք գործողություններ անելու համար»,- ասաց Զաքարյանը՝ փակագծերը չբացելով, թե ինչ գործողությունների մասին է խոսքը։

— Ովքե՞ր են միացել նախաձեռնությանը։

— Շատ շատերն արդեն միացել են, շատ-շատ կազմակերպություններ, շատ-շատ քաղաքացիներ, բավականին շատ ցանկացողներ կան, եւ կան անհատ մարդիկ, որոնք միացել են։ Մտավորականներն են միացել՝ «Ձայն հայրենյաց» կազմակերպությունը, «Ազգային ճակատ» կազմակերպությունը, շատերն են միացել։

— Փողոցնե՞ր եք փակելու կամ պետական մարմիննե՞ր եք շրջափակելու։

— Փողոց փակելը գործողությո՞ւն է արդյոք, այնտեղ կասեմ գործողությունների մասին։

— Օրակարգում ի՞նչ հարց է։

— Այսօրվա թշնամի իշխանությանը հեռացնելն է օրակարգում։

— Շարժումն ապաքաղաքակա՞ն է։

— Չի կարող իշխանություններին հեռացնելը լինել ապաքաղաքական, բայց, այո, մենք քաղաքական նկրտումներ չունենք, իշխանություն զավթելու ցանկություն չունենք, կոնկրետ մենք, ովքեր որ կազմակերպում են։

— 17 կուսակցությունների, Հայրենիքի փրկության ճակատի ակցիաներից անկա՞խ եք գործում։

— Այս շարժումը վերկուսակցական է, վեր է ՀԿ-ներից, վեր է կազմավորումներից եւ այլն, դրա համար էլ կոչվում է «հայահավաք»։ Եթե հայ ես, եթե մտահոգ ես այս երկրի ապագայով, եթե քունդ չի տանում էն ամեն ինչի համար, ինչը կատարվել է, եթե դու մտածում ես, որ այսօր անպայման մի բան փոխվի, պետք է գոնե դավաճանած, մեզ մատնած, մեր երեխաներին սպանած, մեր ապագան ոչնչացրած, մեր գերիներին անտեր թողած իշխանությունը հեռանա։