Էրդողանի ձեռքը հասել է Մարսել

Հունվարի 24-ի երեկոյան կրակել են Մարսելում հայկական եկեղեցու «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա:

Այս առնչությամբ Մարսելի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի նախագահ Կարեն Խուրշուդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ պատմության մեջ առաջին անգամ է նման բան լինում:

«Դեպքի մասին շատ բան ասելը համարում եմ ոչ նպատակահարմար, քանի որ իմ ամեն մի խոսքը կարող է շատ վատ մեկնաբանվել և ստեղծել ներհամայնքային մեծ լարվածություն: Նաև համայնքում խուճապից խուսափելու համար է, որ չեմ ուզում մեկնաբանություններով հանդես գալ»,- ասաց նա:

Հարցին՝ սա ազգային խտրականության հողի վրա՞ տեղի ունեցած հանցագործություն է, թե՞ սոսկ խուլիգանություն, Խուրշուդյանը պատասխանեց. «Հիմա տեղի ունեցածով նախաքննություն է ընթանում, և ես իրավունք չունեմ մեկնաբանելու և ասելու, թե ովքեր կարող էին լինել հանցագործության հեղինակները:

Հենց դա է նախաքննության անկյունաքարը՝ արդյոք սա ազգայի՞ն խտրականության պատճառով է եղել, քրիստոնյա լինելու պատճառո՞վ կամ ռասայական, ազգային այլ հիմքի վրա՞, թե՞ եղել է անձնական պատճառներով: Այս բոլոր հարցերը գտնվում են նախաքննության փուլում: Ամենակարևոր նախապայմանը, որ կարող եմ ասել, դա այն է, որ կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները, ոստիկանությունը երաշխավորել են,

որ ամեն ինչ անելու են հանցագործությունը բացահայտելու համար: Կառավարությունը մեզ պես անհանգստացած է և միջոցներ կձեռնարկի՝ կանխարգելելու նման քայլերը հետագայում»:

Նա նաև ընդգծեց, որ ոչ մի վարկած չի կարելի բացառել կամ անտեսել, այդ թվում այն, որ դա կարող էր ադրբեջանցիների կամ թուրքերի ձեռքի գործը լինել. «Չեմ բացառում, որովհետև Էրդողանի ամենակարևոր ուղղություններից մեկը հայկական Սփյուռքին ճնշելն է»:

Նա նաև տեղեկացրեց, որ դեպքի պահին ինքը մոտակայքում է եղել. «Ականատեսներ եղել են, սրահում մարդիկ են եղել: Կրակողները դիմակով չեն եղել, կրակել են 300 մետր հեռավորությունից»:

Նշենք, որ ըստ Խուրշուդյանի՝ այսօր Մարսելում և հարակից բնակավայրերում բնակվում է 100-120 հազար հայ, սակայն ակտիվ գործողը մոտ 20 հազարի հասնող հայաստանցի ընտանիքներն են: