Գաղտնի բանակցություններում եկել են որոշման, որ ՀՀ բոլոր անկլավները պետք է նորից հանձնվեն Ադրբեջանին. Վազգեն Մանուկյան

Իմ տեղեկություններով իրենք գաղտնի բանակցություններում եկել են այն որոշման, որ Հայաստանի բոլոր այն անկլավները, կղզյակները պետք է նորից հանձնվեն Ադրբեջանին:

Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, Արարատի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում չպատասխանեց հարցին, թե արդյոք Տիգրանաշեն գյուղը (Քյարքի) անցնելու է Ադրբեջանին:

«Իմ տեղեկությունները 100 տոկոսանոց չեն, որովհետեւ այդ ամենը կատարվում է գաղտնի, վարագույների հետեւում: Բայց իր չպատասխանելը Քյարքիի մասին հարցին… եվ հետո հիշեք, որ նա մի ուրիշ բան էլ ասաց: Ասաց՝ ինձ գերիների մասին ինչի՞ եք հարցնում, հարցրեք Արծվաշենի մասին: Այսինքն ինքն ուզում է խոսակցությունները գնա կղզյակների մասին, որ դե դուք Արծվաշենն եք ուզում, իրենք էլ Քյարքին են ուզում, ինչ արած:

Ես կարծում եմ՝ իրենք ներքին գաղտնի պայմանավորվածություն ունեն: Հիմա ռիսկ չեն անում դրա մասին խոսել ու անել, ինչ-որ ժամանակից հետո կսկսեն ասել: Այն համաձայնագիրը, որ կնքվեց, ես ոչ մի կետի հետ ներքուստ համաձայն չեմ, բայց ես գիտեմ, որ դա պարտադիր է կատարել, որովհետեւ մենք չունենք այն ուժը, որ դիմադրենք դրան: Բայց այն կետերը, որոնք համաձայնագրի մեջ գրված չեն, դրանք մենք ինչի՞ պետք է կատարենք»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Նա նաեւ կարեւոր համարեց, թե ով է իշխանության, կամ իշխանության մեջ գտնվողը որքանով է վախենում ժողովրդից. «Հիմա ինքը չի վախենում ժողովրդից: Իհարկե, չափազացնում եմ, վախենում է ժողովրդից, բայց իրեն թվում է, որ հարցերը կամաց-կամաց կլուծվեն, կգնան: Մարդիկ կմոռանան պատերազմի մասին, ինքն էլ իր տեղում կմնա»,-ասաց Մանուկյանը: