«Մախաթը պարկում երկար չես պահի․ Շուշիի առեղծվածը». Ստյոպա Սաֆարյանը՝ Կուրղինյանի հայտարարությունների մասին

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մախաթը պարկում երկար չես պահի․

Շուշիի առեղծվածը Ռուս քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի վերջին անհավասարակշիռ ելույթը, հավատացնում եմ, չափազանց արժեքավոր է, ինֆորմատիվ։

Մինչ կպատասխանենք, թե ինչու է եթերում հունից դուրս եկել ռուս քաղաքագետը, անդրադառնանք նրան, ինչ ասել է․
-իբր Հայաստանը դավաճանել է Արցախին,
-իբր Հայաստանն ընդհանրապես չի մասնակցել Արցախի պաշտպանությանը,
-իբր Հայաստանը ձեռքբերված զենքը չի տրամադրել Արցախին,
-իբր Հայաստանի ղեկավարությունը հանձնել է Շուշին՝ թույլ չտալով այն պաշտպանել,
-իբր այդ ամենի դիմաց Փաշինյանն ու իր ընտանիքը «վճարվել են» Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից

Ուշադրութուն դարձնենք, որ տարատեսակ մեդիապորտերում հայտնված նույն դեզինֆորմացիաներն են․․․

Ի՞նչ եք կարծում՝ մշտապես ռուսական հեռուստաեթերներից քաղաքագիտական դասական աշխատություններ մեջբերող ռուս քաղաքագետը մնացել է թելեգրամյան ալիքների ու սոցցանցերի բամբասանքների, ֆեյք լուրերի հույսին ու անվերապահ հավատո՞ւմ է դրանց․․․ Միամիտ չլինեք։ Հենց ինքը դրանով մատնում է, թե ովքե՞ր ու որտեղի՞ց են կառավարում այդ ամենը․․․․

Միգուցե այս ամենը չնկատվեր ու հավատայինք ռուս քաղաքագետի «վերլուծությանը», եթե չհայտարարվեր ամենածիծաղելին․ «Արցախը միայնակ ի զորու էր ետ մղել թուրք-ադրբեջանական բանակին․․․ եթե․․․ չլիներ Հայաստանի դավաճանությունը․․․»:
Այո, այո, ճիշտ եք լսում ու կարդում։ Ու հենց սա մատնում է ամեն ինչ։ Որովհետև Սերգեյ Կուրղինյանի ստատուսի ու իմացության տեր մարդը չի կարող նման բան ասել․․․

Այս ու այլ մտքերից դիվահար են լինում անգամ տաղավարում իր զրուցակիցները․․․ Որովհետև դրա վրա կծիծաղի ցանկացած ռազմական փորձագետ, զինվորական, քաղաքագետ, անգամ՝ սովորական մահկանացու․․․․ Հետևաբար, ո՞րն է ռուս քաղաքագետի զայրույթի պատճառը։
Առաջինը, արդեն քանի տարի ու ամիս շարունակ Հայաստանում իրենց խմբակի պլանավորած իշխանափոխության պլանի ձախողումը․․․

Բայց սա միակը չէ․ նա այդքան «իրավասություն» չունի ռուսական հեռուստաեթերից նման «մասնավոր նախաձեռնությունների» տապալման համար վիշտ կապեր եթերում, եթե չլիներ դրա հետ կապված այլ բան․․․ Շուշիի հետ կատարվածը վաղ թե ուշ ջրի երես է դուրս գալու․․․
Իսկ դա հստակ կամ գործարք էր, կամ հայկական կողմին պատժելու ակցիա, կամ իսկապես դավաճանություն․․․ Ըստ այդմ, եթե գործարք է, ապա ի հայտ են գալու կողմերը, ովքեր այդ գործարքը կնքել են․․․․

Դավադիր գործարքի դեպքում հայկական կողմը տուժած է։ Դա գիտակցում է Սերգեյ Կուրղինյանը։ Ու հենց այդ պատճառով հայկական կողմում շահառու է ստեղծում՝ ի դեմս Հայաստանի ու Արցախի ներկայիս իշխանությունների․․․ Հետևաբար, պարզ է դառնում, թե ինչու է Միհրանյանը իր խոսքի մեջ մտցրել «Փաշինյանի ընտանիքի վարձատրությունը թուրքական կողմից», քանի որ դա չանելու դեպքում հեռուստադիտողն էլ, տաղավարի հյուրերն էլ կմտածեին, թե ծերուկը խելքը թռցրել է՝ «ինչո՞ւ պետք է Փաշինյանը հանձներ բերդաքաղաքն ու Արցախը, եթե դրանից ոչ ինքը անձնապես, ոչ հայկական կողմը չեն շահում․․․․ »։

Եթե այս վարկածից դուրս մնար Փաշինյանն ու իր ընտանիքը, ապա հարց է ծագում՝ իսկ գործարքի կողմերն ովքե՞ր էին․․․․ Ահա, այստեղ տհաճ անակնկալներ կան․․․․ Հետևաբար, Կուրղինյանն ինքն էլ գիտի, որ տվյալ պարագայում ոչ միայն հակափաշինյանական խմբի տապալված ծրագրի համար է ողբում, այլ պաշտպանում է գործարքը․․․․

Իսկ եթե Շուշիի հանձնումը հայկական կողմին պատժել էր /իսկ սա հիմնական վարկածներից մեկն է/, ապա ո՞վ , ինչի՞ համար և ինչպե՞ս է պատժել մեզ, երբ Փաշինյանը չի համաձայնել «թուրքաբնակ, ռուսական խաղաղապահով ու դե ֆակտո «հայկական վարչատարածքային» (մի փոքր բարդ է դա պատկերացնելը, երբ անգամ հայկական վերահսկողության տակ մնացած Արցախի վարչատարածքային պատկանելությունն ու դե յուրե կարգավիճակն է անհասկանալի ) Շուշիի» առաջարկին․․․․

Այս պահին միայն հայտնի է, որ Ալիևը հոկտեմբերի 16-ից հրապարակավ պահանջել է Շուշին․․․ Այդ պահանջում չի երևում, որ Ալիևը համաձայն է, որ այնտեղ լինեին ռուս խաղաղապահները, իսկ քաղաքն էլ հայկական «վարչատարածքային» միավոր լիներ․․․․ Դրա մասին միայն խոսել է ՌԴ նախագահ Վ․Պուտինը նոյեմբերի 17-ին․․․․

Իսկ եթե դավաճանություն էր տեղում, ապա հարց է ծագում՝ ովքե՞ր էին տեղում դավաճանողները, թշնամու առջև անառիկ բերդաքաղաքի դռները բացողները․․․․
Հետևաբար, Կուրղինյանի հուզմունքի ու անհանգստության տակ բան կա թաքնված, որը չեն հասկանում նույնիսկ նրա հետ տաղավարում գտնվող անձինք․․․․
Իսկ պրոբլեմն ավելի խորն է ու դեռ խորանալու է․․․

Ցավալի է, որ տեսանելիորեն հայկական կողմերն այնքան թուլացված են, որ անգամ չեն հակադարձում այս ամենին․․․ Ու դա էլ հաշվարկված է՝ ով ինչ ուզում, բարդում է․․․․
Իսկ հայոց անառիկ բերդաքաղաքի անկման/հանձնման պատմությունը պետք է բացահայտվի․․․ անկախ նրանից, թե դրանից ով է տուժելու․․․

Որովհետև, հայ ժողովրդի անվտանգության համար ճշմարտությունից թանկ ոչինչ չկա»։
Նշենք, որ երեկ ռուսաստանաբնակ քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը «Իմանալու իրավունք» հաղորդաշարի եթերում հայտարարել էր, թե Հայաստանից Շուշին պաշտպանողներին սպառնացել են, որ «Իսկանդերի» հարկվածների տակ կմնան, նրանք ստիպված նահանջել են: